Ուսանողական խորհուրդ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը համալսարանի ուսանողական ինքնակառավարման, սովորողներին միավորող, նրանց շահերը պաշտպանող, ընտրովի ներկայացուցչական մարմին է:

Խորհրդի հիմնական նպատակն է ուսուցման կազմակերպման ու կրթության որակի ապահովման գործընթացում համալսարանի սովորողների սոցիալական դերի և հասարակական ակտիվության բարձրացումը, արդի հասարակական-տնտեսական պայմաններում ուսանողների որակյալ կրթությանը սատարումը, նրանց մասնագիտական, հոգևոր-մշակութային զարգացմանը նպաստումը:

ԳՊՀ ուսանողական խորհուրդն ակտիվորեն համագործակցում է բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, Գեղարքունիքի մարզի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ:

ԳՊՀ Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1994 թվականին: Ուսանողների թիվը մեծ չէր, ուստի և փոքրաթիվ էր խորհրդի կազմը: 15 հոգուց բաղկացած խորհրդի նախագահ է ընտրվել Աշխեն Գեղամյանը:

Հաջորդ տարում՝ 1995 թվականին, ԳՊՀ-ում տեղի ունեցան Ուսանողական խորհրդի նոր կազմի ընտրություններ: Այն համալրվեց նոր անդամներով: Փոխվեց նաև խորհրդի նախագահության կազմը, նախագահ ընտրվեց Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Բագոյանը: Նոր Ուսանողական խորհուրդը ձեռնամուխ եղավ ՈւԽ կանոնադրության մշակմանը:

1999թ. նոյեմբերին տեղի ունեցան Ուսանողական խորհրդի հերթական ընտրությունները, նախագահ ընտրվեց Իրավագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Մարզպետունի Վարդանյանը: Նորընտիր խորհրդի գործերից մեկն էլ եղավ այն, որ առաջին անգամ հրատարակվեց Ուսանողական խորհրդի «Լրատու» թերթը: Այստեղ հիմնականում ներկայացվեցին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հետ հարցազրույցները, ինչպես նաև համալսարանի շնորհալի ուսանողների ստեղծագործությունները:

2007 թվականին Ուսանողական խորհրդի նախագահական հերթական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Իրավագիտություն բաժնի ուսանող Վահե Տերտերյանը:

2010թ. հոկտեմբերի 1-ին իր տեսակի մեջ առաջին անգամ ԳՊՀ-ում Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություններն անցկացվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, որին մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ մասնակցեցին ԳՊՀ ուսանողական ողջ համակազմը:

Վահե Տերտերյանի իրավահաջորդ դարձավ նույն բաժնի ուսանող Արմեն Շուքուրյանը:

Չդավաճանելով նախորդների ավանդները՝ 2012թ. ՈւԽ նախագահ ընտրվեց Իրավագիտություն բաժնի ուսանողուհի Պայծառ Քոչարյանը, ով հաջողությամբ շարունակեց նախկինում ձևավորված ավանդույթները:

2014թ. ապրիլի 12-ին կայացած Ուսանողական խորհրդի նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Իրավագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Ավետիք Նանագուլյանը:

2015թ․ հոկտեմբերի 3-ին՝ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Տնտեսագիտության ֆակուլտետի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արեգ Սինանյանը: Նորընտիր խորհուրդը այժմ էլ շարունակում է իր բեղուն և պատասխանատու աշխատանքը։

ՈւԽ կարգախոս`«Կրթվենք և կերտենք»:

ՈւԽ կանոնադրություն

Հեռախոս՝060-46-12-68

Էլ.փոստ՝ a.sinanyan@gsu.am