Լրագրության դասընթաց

Գավառի պետական համալսարանի «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» դասընթացը մեկնարկել է 2006 թվականից: Դասընթացին մասնակցում են բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ովքեր իրենց ընտրած մասնագիտությանը զուգընթաց մասնագիտանում են նաև լրագրության ոլորտում:

Մեկ տարվա ընթացքում ուսանողներին դասավանդվում է տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկային վերաբերող առաջնային և անհրաժեշտ դասընթաց: Տեսական իմացությունից զատ, մեծ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքներին:

Դասընթացի հիմնադիր և վարող Պապին Մուրադյանը, վերապատրաստվելով Ֆրանսիայի CFPJ ժուռնալիստիկայի դպրոցում, սկսեց դասավանդել նոր սկզբունքներով ու մեթոդներով:

Շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ուսանող լրագրողական ցանկացած ժանրով գրված իր նյութն էլեկտրոնային փոստով ուղարկում է դասավանդող մասնագետին, այնուհետև ստուգված նյութերը դասի շրջանակում դառնում են քննարկման առարկա:

«Facebook» սոցիալական ցանցում բացվել է «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» խումբ, որտեղ դասընթացի մասնակիցները տեղադրում են իրենց գործնական աշխատանքները, եւ ծավալվում է քննարկում, իսկ շաբաթվա վերջում ամփոփվում են գործնական աշխատանքների արդյունքները:

Ստեղծագործելու կարողություններ ունեցող ուսանողները վարպետանում են լրագրության արդի չափանիշերին համապատասխան: Նրանց պատրաստած ուսումնական նյութերի մի մասը, որը վերաբերում է Գավառի պետական համալսարանին, տեղադրվում են ԳՊՀ-ի www.gsu.am ինտերնետային կայքում եւ «Լրագրողի ձայն» բլոգում (ինտերնետային հատվածամասում): Բացի լսարանային պարապմունքներից, պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ փորձառու գործիչների, տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հետ: Կազմակերպվում է ամենամյա մամուլի ասուլիս ՀՀ սփյուռքի նախարար, ԳՊՀ խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի հետ:

Ուսանողներին հյուրընկալվել են.

  • Հայկական երկրորդ հեռուստաալիքի հաղորդավար Գայանե Փայտյանը, ով ներկայացրել է դասախոսություն՝ «Զանգվածային լրատվական միջոցների դրական և բացասական ազդեցությունը երիտասարդական լսարանի վրա» թեմայով,
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մարտիկ» հաղորդաշարի հաղորդավար Սյուզի Սարուխանյանը,
  • «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Մարիամ Մխիթարյանը,
  • «Քյավառ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանը,
  • «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գավառի մասնաճյուղի ղեկավար, լրագրող Լուսինե Թոփլաղացյանը,
  • Հեռուստալրագրող Լիլիթ Քալանթարյանը,
  • «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը,
  • «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Մկրտչյանը,
  • այլ մասնագետներ:

Հյուրերը դասընթացի մասնակիցներին ներկայացրել են հեռուստալրագրության հիմնական առանձնահատկությունները:

Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին ավելի մոտիկից ծանոթանալու եւ գործնական գիտելիքներն ամրապնդելու նպատակով ուսանողներն այցելել են.

  • Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի խմբագրություն,
  • «Լյուն Սե» երիտասարդական ծրագրերի խմբագրություն,
  • «Ռադիո Հայ»-ի խմբագրություն:

Ռադիոստուդիաներում ուսանողները կատարել են փորձնական ձայնագրություններ, ծանոթացել ռադիոմոնտաժի ծրագրին, լսել փորձառու հաղորդավար Վարուժան Օլքինյանի և այլ ռադիոհաղորդավարների մասնագիտական խորհուրդները:

Ուսանողներն այցելել են նաև՝

  • ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
  • «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գավառի մասնաճյուղ,
  • «Գեղամա» հեռուստաընկերություն,
  • «Հետաքննող լրագրողների ընկերակցություն»,
  • այլ կազմակերպություններ:

Երեւանի մամուլի ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի եւ լրատվական այլ կազմակերպությունների աջակցությամբ ԳՊՀ գրադարանը պարբերաբար համալրվում է լրագրողական գրականությամբ:

Նախորդ վեց տարիների ընթացքում շուրջ 100 ուսանողներ մասնագիտացել են լրագրության ոլորտում, և նրանցից լավագույններն աշխատում են Գեղարքունիքի մարզի տպագիր և էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաեւ թղթակցում են հանրապետական մամուլին:

Ուսանող լրագրողները պատրաստակամորեն աջակցում են ԳՊՀ հանրության հետ կապերի և լրատվության բաժնի գործունեությանը: Դասընթացի ավարտին ուսանողները հանձնում են ավարտական քննություն` կրեդիտային համակարգի չափանիշներին համապատասխան և ստանում հավաստագրեր:

Մենք հրավիրում ենք ստեղծագործող ուսանողներին՝ մասնակցելու տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկային նվիրված դասընթացին: