Նկարչական ստուդիա

ԳՊՀ-ում գործող կերպարվեստի ստուդիան կազմավորվել է 2007 թվականին:

Կերպարվեստի ուսումնառության տևողությունը 2 տարի է: Դասընթացն ավարտելուց հետո ուսանողներին շնորհվում են հավաստագրեր:

Ստուդիա են հաճախում բուհի տարբեր բաժինների առկա և հեռակա համակարգերում սովորող ուսանողներ: Բուհի առօրյան կերպարվեստի ստուդիայի շնորհիվ լցվում է մշակութային յուրօրինակ շնչով: Ստուդիայի դասընթացներին մասնակցում են ոչ միայն շնորհալի ուսանողներ, ովքեր օժտված են նկարելու ձիրքով և ստանում են մասնագիտական խորը գիտելիքներ, այլ նաև այնպիսիները, ում համար նկարչությունը կարող է հանդիսանալ արտթերապիայի միջոց` թեթևացնելով հոգեվիճակը, քանի որ ներքին չգիտակցված կոնֆլիկտները հաճախ ավելի հեշտ է լինում արտահայտել պատկերավոր ձևերի օգնությամբ, քան դրանք արտաբերել վերբալ շփման ընթացքում:

Նկարչական ստուդիան իր կազմավորման օրվանից կազմակերպել է ցուցահանդեսներ, միջոցառումներ, արվեստի գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված ցերեկույթներ:

    Կերպարվեստի ստուդիայի գործունեության նպատակն է .
  • Ուսանողների աշխարհայացքի ընդլայնում.
  • Ուսանողների գեղագիտական դաստիարակության իրականացում.
  • Նկարչական ունակությունների և հմտությունների զարգացում.
  • Ճանաչել կերպարվեստի հայ և համաշխարհային գործիչներին.
  • Ազատ նկարչության միջոցով արտաբերել բացասական էմոցիաները.

2007թ. ստուդիայի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին, որի ընթացքում ասմունքով և երգերով հանդես եկան ստուդիայի ուսանողները, միաժամանակ ցուցադրվեց ինչպես կերպարվեստի հանրահայտ գլուխգործոցներ՝ նվիրված կանանց, այնպես էլ ստուդիայի ուսանողների կատարած գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները:

2009թ. կերպարվեստի ստուդիայի և Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) բաժնի ուսանողների համատեղ ջանքերով կազմակերպվեց «Այս կարմիր, կանաչ աշխարհը» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր հայ տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի կյանքին և գործունեությանը:

2009թ. հուլիսի 5-ին կազմակերպվեց ցուցահանդես՝ նվիրված Սահմադրության օրվան:

2010թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 95-ամյակին և կրում էր «Արնածոր հիշողություն» խորագիրը:

2011թ. նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Սիրո դիմանկար՝ աշնան գույներով» ցերեկույթը:

2011թ. ԳՊՀ-ում կազմակերպված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Հայաստանը դու ես» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին նաև կերպարվեստի ստուդիայի ուսանողները, որոնցից Թ. Կարապետյանը և Շ.Մանուկյանը զբաղեցրին առաջին և երկրորդ մրցանակային տեղերը, ովքեր արժանացան պատվոգրերի:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ: