Տնտեսագետի ակումբ

2004 թվականին Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համառ ջանքերի շնորհիվ ձևավորվեց Գավառի պետական համալսարանի Տնտեսագետների ակումբը:

Ակումբի կազմում ներգրավվեցին Տնտեսագիտական ֆակուլտետի տարբեր կուրսերի ակտիվ ուսանողներ: Ակումբի գործունեության հիմքում ընկած են խմբի անդամների աշխատանքային հավասարության սկզբունքը և խմբային աշխատանքներ կատարելու հմտությունները: Սկզբնական շրջանում ակումբը ղեկավարվել է կոլեկտիվ ջանքերով: Ակումբի աշխատանքներն ի սկզբանե համակարգել են Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ Աստղիկ Հովեյանը և Արփինե Բաղդոյանը: Հետագայում ընտրվել է ակումբի նախագահ: Ակումբի առաջին նախագահ է դարձել Մնացական Իսպիրյանը: Այնուհետև ակումբի նախագահությունը ստանձնել են Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ Թերեզա Ղարաբաղցյանը և Լիլիթ Սարգսյանը: 2012 թվականից ակումբի աշխատանքները համակարգում է Տնտեսագիտական ֆակուլտետի Ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Կոտոլկյանը:

Տնտեսագետների ակումբի նպատակն է.

  • ԳՊՀ-ի ուսանողներին Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի ներկա, անցյալ և ապագա փոփոխությունների և զարգացումների վերաբերյալ տեղեկատվության ապահովում,
  • Ուսանողների գիտական կյանքի ակտիվացում,
  • Ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացում,
  • Ուսանողների և դասախոսների արդյունավետ համագործակցության ապահովում,
  • Ուսանողների և տնտեսագետ պաշտոնյա անձանց հետ փոխհամագործակցության ստեղծում:

Սկզբնական շրջանում ակումբի գործունեությունն ուղղված է եղել ուսանողներին ծանոթացնելու Գավառի տարածաշրջանի տնտեսության նախորդ և փաստացի վիճակին՝ կապված շուկայական տնտեսության ձևավորման հետ: Այնուհետև քննարկվել են ձևավորվող տնտեսական նոր համակարգի պայմաններում ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատելու մեթոդներն ու սկզբունքները:

Տնտեսագետների ակումբը կատարել է հետազոտական աշխատանքներ` հասկանալու ՀՀ փոքր ու միջին բիզնեսի վիճակը, ծավալները և խնդիրները ՀՀ-ում, մասնավորապես Գավառի տարածաշրջանում: Ստացված տեղեկատվությունը ուսանողներին հասանելի դարձնելու նպատակով կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ գործարարների, ձեռնարկատերերի և ուսանողների միջև: Հետազոտական աշխատանքները և տեղեկատվության տարածումը կրել է շարունակական բնույթ և իրականացվել է 2007-2008, 2009-2010 ուսումնական տարիների ընթացքում:

Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի և ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունների «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր» ծրագրի հետ համագործակցելով՝ ԳՊՀ Տնտեսագետների ակումբը կարողացել է ձեռք բերել մասնագիտական գրքեր, տեղեկատուներ:

2012 թվականի հունիսի 22-ին Տնտեսագետների ակումբի ուսանողները հանդիպում են ունեցել «World Vision. Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի տնօրեն Հուսիկ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակը, փոքր և միջին բիզնեսի զարգացման հեռանկարները: Հանդիպման արդյունքում որոշվել է համալսարանում բացել կարի արտադրամաս, որն ուսանողներին կընձեռնի ստացած գիտելիքները տեղում կիրառելու հնարավորություն:

2012թ-ի հուլիսի 3-ին տեղի ունեցավ հանդիպում Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի, «World Vision. Հայաստան» ՄԲԿ աշխատակցի և ուսանողների միջև: Հանդիպման արդյունքում որոշվեցին արտադրությունը կազմակերպել 2 ուղղությամբ` վարագույրներ, սեղանի սփռոցներ, մահճակալի ծածկոցներ և վերնաշապիկներ:

Ուսանողների կողմից կատարվել են հարցումներ՝ պարզելու համար Գավառի տարածաշրջանում առկա պահանջարկը այդ երկու արտադրության ճյուղերի համար: Կախված Գավառի տարածաշրջանում առկա պահանջարկից՝ որոշվել է արտադրությունը կազմակերպել վարագույրների, սեղանի սփռոցների և մահճակալի ծածակոցների արտադրության ուղղությամբ:

Այս գաղափարի իրականացման համար տնտեսագետների ակումբի անդամներին միացան նաև այլ ուսանողներ:

Գաղափարը հենց սկզբից ունեցել է ուսուցողական բնույթ: Այդ իսկ պատճառով ուսանողները «World Vision. Հայաստան» ՄԲԿ աշխատակցի, ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ Անի Ջուղեցյանի օգնությամբ մշակեցին բիզնես պլան, ինչպես նաև մոտիկից ծանոթացան այն բոլոր խնդիրներին, որոնք կարող են առաջանալ ցանկացած գործունեություն սկսելու ժամանակ:

Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարներից` Տնտեսագետների ակումբը նախատեսում է վերլուծել ազգային տնտեսության ցուցանիշները և ներկայացնել կարծիքներ ազգային տնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծության ենթարկել Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանին բնորոշ արտադրությունները:

Տնտեսագետների ակումբը հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու տեղի ունեցող հանդիպում-քննարկումներին, հանդես գալ սեփական նախաձեռնություններով, ինչպես նաև աջակցել ակումբի շրջանակում իրականացվող աշխատանքներին: