Ուսանողական ծրագրային թիմ

«Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի նպատակը, կառուցվածքն ու գործունեության ուղղությունները

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մեր բուհում գործում է արդեն 8 տարի:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում, աջակցել և խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական, քաղաքացիական զարգացման հարցերում:

Ծրագրի նպատակին հասնելու համար Ջինիշյան հիշատակի հիմնադրամն օգտագործում է ծրագրի իրականացման փուլերում մշակված մեթոդներն ու հմտությունները: Հատկապես կիրառվում են ծրագրի հետևյալ չորս փոխկապակցված բաղադրիչները:

Բաղադրիչ 1. Ուսանողների ունակությունների զարգացման դասընթացների անցկացում:

Բաղադրիչ 2. Ուսանողական երկխոսությունների կազմակերպում, նախաձեռնությունների իրագործում: Սույն բաղադրիչը ներառում է՝

  • Թեմատիկ երկխոսություն-սեմինարների կազմակերպում՝ տարբեր թեմաներով, ինչպիսիք են` համայնքային զարգացում, երիտասարդության դերը համայնքում, տեղական ինքնակառավարման մարմիններ, երիտասարդության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, մարդու իրավունքների պաշտպանություն, կամավորականությունը Հայաստանում և այլն:
  • Ուսանողների կողմից ծրագիր-առաջարկների մշակում, որոնց միջոցով նրանք մեկնաբանում, ներկայացնում են տարածքում առկա հիմնախնդիրները: Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում հետազոտությունների և ուսումնասիրությունների շնորհիվ ուսանողներն առաջարկում են մոտեցումներ և լուծումներ՝ բացահայտված խնդիրների լուծման համար:

Բաղադրիչ 3. Միջհամալսարանական ուսանողական գագաթնաժողովների իրականացում: Բուհերի ուսանողների միջև շփումը զարգացնելու, փորձի փոխանակություն իրականացնելու նպատակով կազմակերպվում են միջհամալսարանական գագաթնաժողովներ, որոնց մասնակցում են 7 համալսարանների (Գավառի պետական համալսարան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Գորիսի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) ակտիվ ուսանողական խմբերը: Այս ամենը ընդլայնում է շփումը, ստեղծում համագործակցության և տեղեկատվության փոխանակման ամուր ցանց:

Բաղադրիչ 4. Ուսանողական գործունեության տեղեկագիր թերթոնների հրատարակում: Այս բաղադրիչի շրջանակում ուսանողները պատրաստում են հոդվածներ՝ իրականացրած ծրագրերի կամ իրենց տարածաշրջանում առկա հիմնախնդիրների մասին: Այդ ամենը զետեղվում է 7 համալսարանների կողմից համատեղ պատրաստված ուսանողական թերթոններում:

Գավառի պետական համալսարանն այն երեք համալսարաններից է, որտեղ ի սկզբանե` 2005 թվականից, գործել է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը: 2005 թվականից մինչ օրս Գավառի պետական համալսարանի ուսանողական ծրագրային թիմի անդամների և ուսանողական նախաձեռնող խմբերի կողմից իրականացվել են երեք տասնյակից ավել փոքր դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված քաղաքացիական հասարակության ակտիվացմանը, տարածաշրջանում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Սիրելի ուսանող, Ուսանողական ծրագրային թիմն ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը ծրագրի բոլոր բաղադրիչներում: Ընտրեք գործունեություններից մեկը, որին կցանկանաք մասնակցել նաև Դուք և դիմեք մեզ:

«Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրն ուսանողի համար ուսանողական կյանքն անմոռաց հիշողություններով լցնելու, Հայաստանի 7 տարածքներում ընկերներ ձեռք բերելու, հոդվածներ պատրաստելու, ծրագիր-առաջարկներ գրելու և իրագործելու, քաղաքացիական հասարակության անփոխարինելի մասնիկը դառնալու հրաշալի հնարավորություն է:

ԳՊՀ, ՀՄՖ, 3-րդ հարկ ՈՒԾԹ աշխատասենյակ